AM
11 Հոկտեմբեր 2004 - 13:23 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ընդունել է Նորվեգիայի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնախմբի նախագահ Յան Պետերսենին, որը գտնվում է Երեւանում Հարավային Կովկասի երկրներ տարածաշրջանային այցի շրջանակներում: Ինչպես հաղորդել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, շեշտը դնելով տնտեսական փոխգործակցության եւ բարեփոխումների իրականացման գործընթացի զարգացման վրա: Վ.Օսկանյանը ներկայացրել է Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը` ուղղված Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը: Եվրաինտեգրման համատեքստում քննարկվել է ժողովրդավարության ամրապնդման գործընթացը, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Հյուրի խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքակն գերատեսչության ղեկավարը մանրամասնորեն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը եւ Հայաստանի մոտեցումները խնդրի լուծմանը: Տարածաշրջանային զարգացումների հեռանկարում քննարկվել է Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հնարավորությունը, ինչպես նաեւ կարեւորվել է Եվրոպայի Խորհրդի ներգրավումը այդ հարցում: Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը առաջրկել է ուսումնասիրել հայ-նորվեգական գործարար համաժողովի անցկացման հնարավորությունը: