Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանն ու Վահան Բաբայանը հուլիսի 9-ին հանդիպեցին Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Յաապ Վերների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:
Արտակ Զաքարյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային հիմնախնդիրներին: Հանձնաժողովի նախագահը տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունները գնահատեց կառուցողական և փոխշահավետ: Նրա խոսքով` տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականության պարագայում հնարավոր կլինի պահպանել կայուն, համաչափ և խաղաղ զարգացումներ:
Խոսելով Ադրբեջանի հետ չկարգավորված խնդիրներից, պարոն Զաքարյանն անդրադարձավ վերջինիս պատերազմական հռետորաբանությանը, սահմանային միջադեպերին, որոնց արդյունքում զոհվում են ոչ միայն ՀՀ և Լեռնային Ղարաբաղի սահմանապահներ, այլև տուժում է խաղաղ բնակչությունը: Նշվեց, որ վերջին 20 տարվա ընթացքում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքրոշումը համահունչ է եղել միջազգային սկզբունքներին ու մոտեցումներին:
Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց Նիդեռլանդների խորհրդարանին` 2004 թ.-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին:
Յաապ Վերները կարևորեց, որ Հայաստանում ԱԺ ընտրություններն անցել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Նա ընդգծեց այն հանգամանքը, որ դիտորդական առաքելությունները դրական գնահատական են տվել ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին, հույս հայտնելով, որ Հայաստանն ապագայում ևս հավատարիմ կմնա ժողովրդավարական բարեփոխումներին:
Հանձնաժողովի անդամներն իրենց տեսակետները ներկայացրեցին հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ:





