AM
29 Հոկտեմբեր 2004 - 18:31 AMT

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԾՏՀԿ-Ի ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր մասնակցել է Թբիլիսիում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 11-րդ նիստին: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում քննարկվել եւ ընդունվել են ՍԾՏՀ-ի եւ միջազգային այլ կառույցների միջեւ համագործակցության, ինչպես նաեւ ՍԾՏՀ-ի ծրագրային, ֆինանսական եւ վարչական գործունեությանը վերաբերող փաստաթղթեր: Հանդիպմանն իր ելույթում Վ.Օսկանյանն ընդգծել է, որ ՍԾՏՀԿ-ն կամուրջ է հանդիսանում Հարավային Կովկասի եւ Եվրոպայի միջեւ: Նշենք, որ նիստի շրջանակներում Վ.Օսկանյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարցեր, կապված ՀՀ նախագահի վերջերս Վրաստան կատարած այցի ընթացքում երկու երկրների ԱԳՆ-ների համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: Նախարարները քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, հաղորդակցության ուղիների անխափան գործունեությունն ապահովելու առնչությամբ: Նույն օրը Վ.Օսկանյանը վերադարձել է Երեւան: