AM
17 Հուլիս 2012 - 15:06 AMT

Հայաստանը երախտապարտ է Վատիկանին բազմամյա բարեգործական գործունեության համար

Հուլիսի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սուրբ Աթոռի արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց որ Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վատիկանի ամուր հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ հիմնված լինելով դարերի խորքից եկող պատմական կապերի, քրիստոնեական արժեհամակարգի և հարուստ մշակութային ժառանգության վրա: Հայաստանի արտգործնախարարն երախտագիտություն հայտնեց Հայաստանում Սուրբ Աթոռի բազմամյա բարեգործական գործունեության համար:

Նախարար Նալբանդյանն ու կարդինալ Սանդրին կարևորեցին անցյալ դեկտեմբերին ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի այցելությունը Վատիկան և Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ հանդիպումը՝ որպես հարաբերությունների բարձր մակարդակի ևս մեկ վկայություն:

Զրուցակիցները քննարկեցին փոխադարձ կապերի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ: