AM
5 Նոյեմբեր 2004 - 14:34 AMT

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂ. «ԳԱԶՊՐՈՄԸ ՉԻ ԱՍՈՒՄ` ՈՉ»

«Գազպրոմը չի ասում` ոչ» Իրան-Հայաստան գազամուղի նախագծին իր մասնակցելու հեռանկարի առնչությամբ,- «Ռեգնում» գործակալությանը հայտնել է «Արմռոսգազպրոմ» ՓԲԿ վարչության նախագահ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքերով` հաջորդ շաբաթ ռուսաստանյան ընկերության աշխատանքային խումբը մտադիր է հերթական անգամ այցելել Հայաստան` ծանոթանալու այն տարածքին, որտեղով պետք է անցնի գազամուղի հայկական հատվածը, որի շինարարությունը կսկսվի 2004 թվականի վերջին: Կարապետյանը նշել է, որ «Գազպրոմը» վերջնականորեն մշակել է նախատեսվող ներդրումների տեխնիկա-տնտեսական հիմնավորումը, ինչը խոսում է նախագծի նկատմամբ ընկերության որոշակի շահագրգռվածության մասին: «Գազպրոմի որոշումը կհետեւի այն բանից հետո, երբ պատրաստ կլինի ներդրումների պայմանների ամբողջ փաթեթը, որոշված կլինի անհրաժեշտ ծախսերի ծավալը, միջոցների վերադարձման պայմաններն ու երաշխիքները»,- նշել է «Արմռոսգազպրոմի» ղեկավարը: Հիշեցնենք, որ անցյալ տարի Երեւանում ստորագրված Իրան-Հայաստան գազամուղի շինարարության հիմնական պայմանագրի համաձայն` գազամուղը կշահագործվի մինչեւ 2007 թվականի հունվարի 1-ը: 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստանին կմատակարարի 36 մլրդ խորանարդ մետր բնական գազ` փոխարենը ստանալով էլեկտրաէներգիա: Նախագիծը գնահատվում է 200-250 մլն դոլար: Իր հերթին «Գազպրոմ» ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը գտնվելով Երեւանում հայտարարել է, որ նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 140 մլն դոլար` 9 տարի փոխհատուցման դեպքում: «Մնում է ճշգրտել ֆինանսավորման աղբյուրները` դա կարող են լինել միջպետական վարկեր, կամ էլ «Գազպրոմի» միջոցները»,- հայտարարել է Ռյազանովը: