«Ինֆոտեկ 2004» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերական եւ ֆինանսա-տնտեսական գործունեության կազմակերպման համար» թեմայով գործարար քննարկում: «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացման լուրջ միտումներ ունի: Մեր հաջողությունները կկրկնապատկվեն, եթե տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տնտեսության այլ ոլորտների միջեւ համագործակցության արդյունավետ լուծումներ գտնենք»,- հայտարարեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Քննարկման հիմնական նպատակը տեղեկատվական տեղնոլոգիաների ոլորտի հաջողությունները տնտեսության այլ ճյուղերի ներկայացուցիչներին ցույց տալն ու դրանք այդ ճյուղերում ներմուծելու առաջարկներ ներկայացնելն էր: Գործարար քննարկմանը մասնակցում էին մոտ 30 ընկերությունների ներկայացուցիչներ: Ոլորտի վերաբերյալ իրենց զեկույցներն ու հետազոտությունները ներկայացրեցին «Ավիոինֆոտել», Երեւանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ, «Systro Tech», «Լինք» եւ այլ առաջատար ընկերություններ: Մասնակիցների կարծիքով` նման քննարկումները հնարավորություն են տալիս հանգամանորեն դիտարկել ոլորտում առկա խնդիրներն ու արդյունավետ լուծումներ գտնել:





