AM
10 Նոյեմբեր 2004 - 14:36 AMT

ԲՈՒՇԻ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՄՆ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Ջորջ Բուշի վերընտրությունը կհանգեցնի Հարավային Կովկասում պաշտոնական Վաշինգթոնի վարած հավասարակշռված քաղաքականության շարունակմանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Բուշի վարչակազմի հետ կազմավորվել էին հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղություններ: Այսպես, դրվել էր ռազմական համագործակցության սկիզբը, Հայաստանը ներգրավվել էր «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրին: Նախարարը հերքել է լուրերն այն մասին, որ Հայաստանի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ Հայաստանի քայլերից անկախ, դրան հասնել չհաջողվեց: «Հանդիպում կազմակերպելու փորձ չի արվել, որովհետեւ անհրաժեշտություն չի եղել»,-նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Միեւնույն ժամանակ Վ.Օսկանյանը կարծիք է հայտնել, որ Ջորջ Բուշի նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում բավարար հիմքեր կստեղծվեն նման հանդիպման կազմակերպման համար: