AM
25 Հուլիս 2012 - 11:42 AMT

Արման Գալոյան. ՀԱԿ ակտիվիստների խիստ դատավճռի պատճառը իշխանություների վախն է և կապված է Վահե Ավետյանի սպանության հետ

ՀՀՇ երիտասարդական թևը այսօր հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, կապված ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի ազատազրկման վերաբերյալ դատավճիռների հետ, որոնց համարում է «քաղբանտարկյալներ»: Հայտարարության մեջ ՀՀՇ երիտասարդները կոչով դիմում են տեղի և միջազգային երիտասարդական կազմակերպություններին՝ խնդրելով օգնել ազատ արձակել իրենց ակտիվիստներին:

«Այս ապօրինի դատավճիռն ուղղակի վկայում է այն մասին, որ իշխանությունները վախեցած են: Այն աստիճանի են վախեցած, որ դեռ մինչ նախագահական ընտրությունների գործընթացի մեկնարկը սկսել են հաշվեհարդար տեսնել երիտասարդների հետ»,-հայտարարել է ՀՀՇ գործկոմի անդամ Գալոյանը՝ հայտարարությունն ընթերցելուց առաջ:

Նա հավելել է. «Սակայն, պետք է հիասթափեցնեմ իշխանություններն, քանի որ ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի վախը վաղուց են բռնել, և նրանք ոչնչից չեն վախենում, հակառակը, նման մեթոդներով առավել կոշտ պայքարի են դրդում»:

Գալոյանը գտնում է, որ դատավճռի ենթատեքստում այն քաղաքացիական բողոքն է, որ բարձրացավ «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության դեմ:

2011թ. օգոտոսի 9-ին ոստիկանությունը ձերբակալել է Հակ ակտիվօստներին: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ:

Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի կայացրած վճռի դեմ, ըստ որի` ՀԱԿ-ի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6, Արտակ Կարապետյանը` 3 տարի 5 ամիս 19 օրվա, Դավիթ Քիրամիջյանը` 2 տարվա, Սարգիս Գևորգյանը` 1 տարի 11 ամիս 20 օրվա ազատազրկման: