AM
27 Հուլիս 2012 - 12:34 AMT

Դատախազության շենքի առջև պիկետի մասնակիցները պահանջում են ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստներին

Դատախազության շենքի առջև այսօր ժամը 14.00-15.00-ը պիկետ էր անցկացվում` հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի կայացրած վճռի դեմ, ըստ որի` ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6, Արտակ Կարապետյանը` 3 տարի 5 ամիս 19 օրվա, Դավիթ Քիրամիջյանը` 2 տարվա, Սարգիս Գևորգյանը` 1 տարի 11 ամիս 20 օրվա ազատազրկման:

Պիկետին մասնակցում էին ինչպես ՀԱԿ բազմաթիվ ներկայացուցիչներ, այնպես էլ հասարարակ քաղաքացիներ, որոնք ժամանակ առ ժամանակ վանկարկում էին «ազատություն քաղբանտարկյալներին» արտահայտությունը, ինչպես նաև ձեռքներին պահել էին համանուն պաստառներ:

Պիկետին ներկա էին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, վերջինս նշեց, որ ակտիվիստներին ազատելու համար պայքարը քաղաքական չէ միայն, քանի որ դրան մասնակցում է ոչ միայն ՀԱԿ-ը, այլև սոցիալական և քաղաքացիական շարժումներ են միանում: Ըստ Արամ Մանուկյանի, դա այն բանի վկայությունն է, որ հասարակության լայն շերտերը շահագրգռված են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն:

ՀՀՇ վարչության նախագահը նշեց նաև, որ իրենք արդեն դիմել են բազմաթիվ միջազգային կառույցների.«Տեղյակ ենք պահել Հայաստանում բոլոր դեսպանատներին, բոլոր միջազգային կառույցներին, եվրոպական լիբերալ կուսակցություններին, ԵԽԽՎ պատվիրակությանը և շատ այլ կառույցներին և համոզված եմ, որ շուտով արձագանք կլինի»:

Ակցիաները շարունակական են լինելու. ամեն ուրբաթ օր` ժամը 14.00 պիկետներ կլինեն դատախազության շենքի առջև, մինչև որ ՀԱԿ ակտիվիստները ազատ արձակվեն: