Հայաստանի Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել հանրապետության միանալը «Իրաքի կոալիցիոն ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման կարգավորման մասին» Հուշագրին: Հուշագրի համաձայն` Ազգային ժողովի կողմից համապատասխան որոշում ընդունելու դեպքում Հայաստանը կոնտինգենտ կուղարկի Իրաք: Ինչպես տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Ս.Սարգսյանը ելույթ ունենալով ՍԴ նիստում, «Հայաստանն ընտրել է մարդասիրական մասնակցությունն Իրաքում, առավել եւս, որ այն համահնչուն է Իրաքի վերաբերյալ հունիսի 8-ին ընդունած վերջին բանաձեւին»: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բացառապես մարդասիրական մասնակցություն կունենա Իրաքի կայունացման գործում` ուղարկելով այնտեղ սակրավորներ, բժիշկներ եւ վարորդներ: Նա հիշեցրել է, որ Իրաքում մարդասիրական գործունեությանը մասնակցում է 94 երկիր: Նշենք, որ ՍԴ որոշումից հետո հայկական կոնտինգենտի Իրաք ուղարկման հարցը կքննարկվի խորհրդարանում:





