Նախօրեին Երեւանում մի շարք երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ ցույց-երթ էին կազմակերպել դեպի Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Ավելի քան երկու հարյուր մասնակիցներով ակցիայի նպատակն էր բողոք հայտնել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի այն հայտարարության դեմ, թե «Ռուսաստանի շահերից է բխում Մերձդնեստրում, Աբխազիայում,Հարավային Օսիայում եւ Լեռնային Ղարաբաղում կայունության հաստատումը, բացի այդ, վերջինումս պետք է վերջ դրվի կաշառակերությանը եւ հեռացվեն այնտեղ տիրող քրեական անջատողականները»: Ակցիայի մասնակիցների խոսքերով` նրանց նպատակն էր ցույց տալ քաղաքակիրթ աշխարհին եւ Էլիզաբեթ Ջոնսին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու իշխանություններն անջատողականներ չեն, քանի որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի կազմում: Ակցիայի մասնակիցները հիշեցրել են նաեւ, որ Ղարաբաղի հայերը ղեկավարվում են ազգային ինքնորոշման սկզբունքով: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաքարտ չէ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ քաղաքական խաղերի համար»,- հայտարարել է Երեւանի պետհամալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Միհրան Հակոբյանը: Երթի մասնակիցները տանում էին պաստառներ` «Ո’չ երկակի ստանդարտներին», «Ձեռքերդ հեռու անկախ Ղարաբաղից»: Նշենք, որ ցուցարարները դեսպանությանն են փոխանցել համապատասխան հայտարարություն:





