Հայաստանում մինչև Սպիտակի երկրաշարժը կառուցված շենքերը սեյսմակայուն չեն: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը: «1988թ. Սպիտակի երկարաշարժից հետո շենքերի կառուցման ժամանակ սեյսմակայունության ապահովման չափանիշները վերանայվեցին և սահմանվեցին նոր նորմեր:
Այսօր Հայաստանում ցանկացած շենք կառուցվում է համաձայն այդ նորմերի»,- ասաց նա:
Խլղաթյանը նշեց, որ այսօր կառուցվող քարե շենքերի հարկայնությունը չպետք է գերազանցի 4-ը, իսկ երկաթբետոնե շենքերինը` 16-ը: «Այսօր Հայաստանում հաշվառված է 4850 բազմաբնակարան շենք, որոնց զգալի մասը չի դիմադրի 8 բալ և ավելի ուժգնությամբ երկարաշարժին: Իհարկե, ճիշտ կլիներ հիմնովին քանդել և վերակառուցել այդ շենքերը, սակայն պետությունը նման միջոցներ չունի»,- հայտնեց նա` հավելելով, որ միջոցների սղության պարագայում շենքերի սեյսմակայունության ապահովման լավագույն տարբերակը շենքերի ամրացումն է, որի համար այսօր համապատասխան ծրագիր է մշակվում:





