Թուրքիայի պաշտոնյաները հակված են երկխոսության հայկական սփյուռքի հետ, սակայն դրա համար անհրաժեշտ է վստահություն, որն այս պահին բացակայում է: Այդ մասին ասվում է Հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահ Քաան Սոյակի «California Courier» թերթում հրապարակված հոդվածում: Նրա կարծիքով, հայերը պետք է գիտակցեն, որ թուրք ժողովուրդը ոչնչով չի տարբերվում հայ ժողովրդից ինչպես իր վարքով, այնպես էլ` մտածելակերպով: «Իմ հայ եւ թուրք ընկերներից շատերի նախնիները ապրել են կողք-կողքի մի քաղաքում: Թուրքիան հայերի եւ թուրքերի հայրենիքն է, որտեղ նրանք ապրել են կողք-կողքի դարեր շարունակ»,-գրում է Քաան Սոյակը: «Այսօր մեր հողը լալիս է եւ սպասում, թե երբ հայերը կվերադառնան եւ խաղաղ կապրեն տեղի բնակչության հետ: Ես գիտեմ, որ ԱՄՆ-ում ապրող հայերը չեն վերադառնա Անատոլիա բնակության, սակայն նրանք նույնիսկ չեն մտածում մի երկիր մեկնելու մասին, որտեղ ապրել են կողք-կողքի թուրքերի հետ: Հնարավոր է, որ մենք կկարողանանք վերադրձնել երկիրը ծաղկման փուլ», նշվում է հոդվածում: Որքան շատ հայեր մասնակցեն հայ-թուրքական երկխոսությանը բոլոր մակարդակներում, այնքան ավելի լավ նրանք կկարողանան օգնել թուրքական հասարակությանը իմանալ անցյալում հայերի մեծ ավանդի մասին: Քաան Սոյակի կարծիքով, բոլոր հայերի մեկնումը Թուրքիայից մեծ կորուստ կլինի երկրի համար: Հայերը պետք է վերադառնան Թուրքիա, ծանոթացնեն թուրք ժողովրդին իրենց պատմության, իրենց ընտանիքների ողբերգության հետ եւ բացահայտորեն պահանջեն բացատրել հայ ժողովրդի զանգվածային ոչնչացումը 1915 թվականին: Դա ճանապարհ է, որը հարկավոր է երկու պետությունների քաղաքական քայլերի համար անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու նպատակով, գտնում է Սոյակը: Հայերի կասկածները Թուրքիաի հետ երկխոսության մեջ մտնելու վերաբերյալ շահավետ են երրորդ անձանց, որոնք անձնական նպատակներին հասնելու համար քողարկվում են հայ եւ թուրք ժողովրդների միջեւ հարաբերությունների հաստատման շղարշով, նշվում է հոդվածում:





