AM
15 Փետրվար 2005 - 17:10 AMT

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՎ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ

Ռազմական գործողությունների հիմնական ծանրությունը կրել է Ղարաբաղի ժողովուրդն ու ինքնապաշտպանության բանակը, որն ամենեւին չի նշանակում, որ Հայաստանն անմասնակից է մնացել,- «Երկիր» շաբաթաթերթի ինտերնետ-կայքի օն-լայն հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Մենք դա երբեք չենք թաքցրել, եւ անձամբ ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը եւ հայկական բանակը Ղարաբաղի անվտանգության երաշխիքն են հանդիսանում»,- նշել է նախարարը: Նրա խոսքերով` Ղարաբաղն այսօր ունի իր բանակը, որը մարտունակությամբ չի զիջում տարածաշրջանի ռազմական կազմավորումներին: Այն, որ ղարաբաղյան բանակում կամավոր հիմունքներով ծառայում են Հայաստանի քաղաքացիներ` նույնպես գաղտնիք չէ: «Իսկ ավելի ճիշտ կլիներ, եթե Հայաստանը ձեռքերը ծալած հետեւեր, թե ինչպես ձեր տվյալներով (չնայած ես չեմ հավատում այդ թվերին) Ադրբեջանի 8-միլիոնանոց բանակը ռազմական գործողություններ է սկսում 150-հազարանոց Ղարաբաղի դեմ»,- նշել է Ս,Սարգսյանը: Նրա խոսքերով` ընդհանրապես Ադրբեջանում տարածված նման հարցերը եւ գնահատականներն` անհաջողություններից զերծ մնալու անհաջող փորձ է, փորձ` արդարացնելու հայերին` տվյալ պարագայում Ղարաբաղին հաղթելու անհաջողությունը: Դրանում է հենց պատճառը, որ ժամանակ առ ժամանակ սկսում են ուռճացնել Ղարաբաղին ռուսաստանյան օգնության կամ այլ երկրների աջակցության մասին լուրերը: Որքան շուտ նրանք ընդունեն փաստերը, գիտակցեն իրողությունը, այնքան Ադրբեջանի հասարակական կարծիքի վրա ավելի քիչ կազդեն ավանտյուրային շրջանակները, որոնք փորձում են ապացուցել, որ նոր պատերազմի օգնությամբ հնարավոր է հասնել ինչ որ հաջողության, ավելացրել է նա: