AM
1 Սեպտեմբեր 2012 - 07:15 AMT

Տարոն Մարգարյան. Արժևորում եմ երևանցի դպրոցականի կերպարը

Գիտելիքի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժներ, հարգելի՛ ծնողներ, շա՛տ սիրելի փոքրիկներ, որ առաջին անգամ մտնում եք դպրոց: Ջերմագին շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ և մաղթում հաջողություն։

Դպրության հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի համար սեպտեմբերի 1-ը իսկական տոն է։ Ցանկանում եմ այդ գիտակցությամբ կրթական հաստատություններ շտապող երիտասարդները, պատանիներն ու աղջիկները կրթության հանդեպ իրենց պատասխանատվությամբ, ազգային արժանապատվության զգացումով և բարձր ինտելեկտով իսկական տոն դարձնեն հայրենի քաղաքի, Հայաստան աշխարհի գալիք ամեն օրը։

Ես՝ որպես Երևանի քաղաքապետ, արժևորում եմ երևանցի դպրոցականի կերպարը, որն ամբողջական կարող է դառնալ և օրինակի ուժ ունենալ Երևանի հանդեպ ունեցած սիրով և նվիրումով։

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Գիտության և դպրության օրվա կապակցությամբ, ցանկանում նորանոր հաջողություններ ձեր ուսումնառության մեջ, աշխատանքում և անձնական կյանքում։