AM
23 Փետրվար 2005 - 13:14 AMT

«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ», ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԸ

«Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի վրա»,-հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Նրա խոսքերով, Ադրբեջանի ղեկավարությունը համառ պայքար է մղում ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման համար: «Ադրբեջանին մտահոգում է այն փաստը, որ համաշխարհային հանրությունը չի ցանկանում Հայաստանը ճանաչել ագրեսոր երկիր: Ճիշտ է, վերջերս Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն, այնուամենայնիվ, Հայաստանն անվանեց ագրեսոր երկիր, իսկ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին` անջատողական: Կարծում եմ, որ նույնը պետք է անեն նաեւ բոլոր միջազգային կազմակերպությունները», – հայտարարել է նախարարը: Նա ուշադրությունը հրավիրել է նաեւ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի պլանային բնակեցման» հարցի վրա: «Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ ոչ մի թիզ հող չենք զիջի Հայաստանին: Քանի դեռ հակամարտության կարգավորման ուղիներ չեն գտնվել, կա մարտական գործողությունների վերսկսման հավանականություն: Եվ այդ դեպքում ողջ պատասխանատվությունը կընկնի հայկական կողմի վրա», – ամփոփել է Ս.Աբիեւը: