Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն կարեւոր է համարում խորհրդարանական «Կովկասյան քառյակի» հանդիպումների վերսկսումը: Նրա խոսքերով, «չի կարելի ասել, թե նման հանդիպումներում մենք լուծում ենք բոլոր խնդիրները, սակայն նման բանակցություններրը նպաստում են դրանց լուծման վերաբերյալ միասնական կարծիքի ձեւավորմանը: Ցանկացած դեպքում «քառյակի» հանդիպումը օգտակար է»: Ադրբեջանցի քաղաքագետների կարծիքները Ն.Բուրջանաձեի վերոհիշյալ արտահայտության վերաբերյալ կիսվել են, գրում է ադրբեջանական «Զերկալո» թերթը: Մասնավորապես, քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հայտարարել է, թե դրական է վերաբերվում այդ գաղափարին, քանի որ, իր կարծիքով, ներկա պայմաններում, անհրաժեշտ է օգտվել երկխոսության եւ ցավոտ հարցերը քննարկելու ցանկացած հնարավորւթյունից: Զ.Ալիզադեի խոսքերով, երկխոսությունը անհրաժեշտ է, նույնիսկ չնայած նրան, որ կողմերը հանդես են գալիս միանգամայն հակադիր դիրքերից, սակայն միշտ կարելի է ընդհանուր լեզու գտնել այս կամ այն հարցերը քննարկելու համար: Բոլորովին այլ կարծիքի է հայտնի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Ինչպես նշել է Վ.Գուլուզադեն թղթակցի հետ զրույցում, «կովկասյան քառյակի» հանդիպումների վերսկսման գաղափարը արդյունավետ լինել չի կարող: Իր խոսքերը քաղաքագետը պատճառաբանել է նրանով, որ այդ «կովկասյան քառյակում» կան այնպիսի գործոններ, ինչպիսին են Հայաստանի ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ «ադրբեջանական հողերի գրավումը հայերի կողմից»: «Ուղղակի բանը նրանում է, որ Նինո Բուրջանաձեն մեր շահերի հաշվին ցանկանում է «փրկագին տալով ազատվել Ռուսաստանից»,-հայտարարել է Վ.Գուլուզադեն: Նրա խոսքերով, «կովկասյան քառյակի» հանդիպումների վերսկսման գաղափարը բացարձակապես փտած է: «Ինչ հանդիպման մասին կարող է խոսք գնալ, եթե այդ «քառյակի» երկու երկրները` Ադրբեջանն ու Հայաստանը պատերազմի մեջ են, իսկ երրորդ երկիրը` Ռուսաստանը երկերեսանի դեր է տանում.մի կողմից նա համանախագահ է, մյուս կողմից ինքն է օկուպանտ հանդիսանում»,-ընդգծել է Վ.Գուլուզադեն: Քաղաքագետի խոսքերով, եթե նույնիսկ Ադրբեջանը հավանություն տա «կովկասյան քառյակի» շրջանակներում հանդիպման գաղափարին, դա կնշանակի միայն մեկ բան. «բացարձակապես ոչինչ», ինչպես Պրահայի գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը «ոչինչ» են նշանակում:





