Այս տարվա ապրիլից մեկնարկել է Ախուրյանի անօթևանների համար նախատեսված բազմաբնակարանների շինարարությունը: 1988թ. երկրաշարժից 24 տարի անց համայնքում դեռ կա 182 անօթև, որոնց բնակարանով ապահովելու համար կառուցվում է 4 հարկանի երեք շենք` 104 բնակարանով: 117 անօթևաններ իրենց ներկայացրած փաստաթղթերի հիման վրա արդեն իսկ ընդգրկվել են հերթացուցակներում, մյուսների գործերը դեռ կուսումնասիրվեն, որից հետո պարզ կլինի, թե նրանցից քանիսը կընդգրկվեն հերթացուցակներում, և քանի բնակարան կառուցելու անհրաժեշտություն կլինի:
«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը ասել է, որ արդեն իսկ պարզ է, որ բնակարանները չեն բավականացնելու, ու ևս մեկ շենք կառուցելու անհրաժեշտություն կա: «Շինհրապարակում ներկայումս կառուցման աշխատանքներ են իրականացվում: Շենք կա, որ երկրորդ հարկն են ավարտում, շենք կա` երրորդ»:« Հավանաբար, Իգիթյանը տեղյակ չէր, որ զրույցի պահին շինհրապարակում ոչ մի աշխատանք չէր իրականացվում, ինչը «Ժողովուրդ»-ը պարզեց` լինելով այնտեղ: Շինհրապարակին կից տնակներում երկու տասնամյակից ավելի բնակվում են անօթևաններ, որոնք անհամբեր սպասում են շինարարության ավարտին: Հենց նրանք էլ ասացին, որ աշխատանքները մոտ երկու շաբաթ է` դադարեցված են»,-գրում է թերթը:
Աշխատանքների դադարեցման պատճառը պարզելու նպատակով թերթը դիմել է «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի հանրության հետ կապերի և տեղեկատվության պատասխանատու Արմինե Ուդումյանին, ում պարզաբանմամբ` այս պահին շենքերի կառուցման աշխատանքները գտնվում են երկաթբետոնե «կոնստրուկցիաների» կառուցման փուլում: Նա նաև նշել է, որ օրերս բետոնալցվել են շինությունների պարզունակները (ռիգել), որոնց վրա նստեցվում է միջհարկային ծածկի սալը:
Շինարարական նորմերով` դրանց բետոնացումից հետո առնվազն 5-6 օր է անհրաժեշտ չորանալու համար, որից հետո նոր միայն կարելի է տեղադրել միջհարկային ծածկի սալը: Իսկ բնակիչների նկատած աշխատանքների հաճախակի դադարեցումն էլ Ուդումյանն այսպես մեկնաբանեց. «Հավանաբար համընկել է նման ժամանակահատվածների հետ»:
Ախուրյան համայնքի բնակարանների շահագործումը նախատեսված է 2013թ. փետրվար ամսին, բայց բնակիչների կարծիքով` այն կհետաձգվի: «Ես ամեն օր հետևում եմ աշխատանքներին ու արդեն իսկ մտածում եմ, որ ևս մեկ տարի մենք անցկացնելու ենք այս տնակում` կոմունալ բոլոր հարմարություններից զուրկ»,- թերթին ասել է 62-ամյա տիկին Լենան:





