Այսօր Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը, «ՄԵՆՔ» երիտասարդ նախաձեռնողների միավորում հասարակական կազմակերպությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էին միջոցառում Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցում։
Դպրոցի սաները և հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Բուդապեշտում սպանված հայ սպայի հիշատակը։ Հանդիպման ընթացքում աշակերտների հետ քննարկվեցին հայ հասարակությանը ցնցած վերջին հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքին, դրա դրդապատճառներին, հետևանքներին, Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանն ուղղված բողոքի ակցիաներին և միջազգային արձագանքներին վերաբերող հարցեր: Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի աշակերտներն իրենց վրդովմունքը հայտնեցին տեղի ունեցածի առնչությամբ։ Նրանք իրենց հաստատակամությունն արտահայտեցին նման արատավոր երևույթների դեմ պայքարի հարցում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «ՄԵՆՔ» երիտասարդ նախաձեռնողների միավորում հասարակական կազմակերպությունը թիվ 94 ավագ դպրոցի տնօրինության և աշակերտների հետ պայմանավորվածություն ձեռք բերեցին Գուրգեն Մարգարյանի անունը կրող կրթօջախում անցկացնել «Հայոց պատմության դասերը» խորագրով սեմինարների շարք, որի նպատակն է բարձրացնել հայ պատանիների ու երիտասարդների ազգային ինքնագիտակցության մակարդակը։ Զրույց-քննարկումների միջոցով աշակերտներին կներկայացվեն մեր ազգի հաջողության գրավականները, կմատնանշվեն հայ ժողովրդի և հայկական պետականության առջև ծառացած խնդիրներն ինչպես անցյալում, այնպես էլ այժմ, պատմական զուգահեռներ կանցկացվեն ոչ վաղ անցյալի իրականության և ներկա իրավիճակի միջև։





