AM
1 Հոկտեմբեր 2012 - 07:02 AMT

Habitat for Humanity Armenia- ն նշում է Հաբիթաթի համաշխարհային օրը

Հաբիթաթի համաշխարհային օրվա կապակցությամբ Habitat for Humanity-ն ամբողջ աշխարհով մեկ հարյուրավոր միջոցառումներ է կազմակերպում՝ անբավարար բնակարանային պայմանների վերացման խնդրին և աշխարհում արժանապատիվ բնակարանային պայմանների կարիքի բավարարմանն ուղղված քայլեր ձեռնարկելու և խնդրի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Հաբիթաթի համաշխարհային օրը, որն այս տարի նշվում է հոկտեմբերի 1-ին, հռչակվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից՝ մարդկանց համար պատշաճ կացարանի հիմնարար իրավունքի ապահովման վրա ուշադրություն հրավիրելու նպատակով:

Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Habitat for Humanity-ն և նրա ազգային գրասենյակները ամբողջ աշխարհում կազմակերպելու են Հաբիթաթի համաշխարհային օրվան նվիրված հարյուրավոր միջոցառումներ, ներառյալ շինարարական մեկօրյակներ, ֆլեշմոբեր, շքերթներ, բնակարանային պայմաններին նվիրված ֆորումներ և նմանօրինակ միջոցառումներ՝ ապահով, արժանապատիվ և մատչելի կացարանի խնդրի նկատմամբ ուշադրություն գրավելու համար:

Միավորված ազգերի կազմակերպությունը դեռևս 1985թ. հռչակեց, որ Հաբիթաթի համաշխարհային օրը նշվելու է յուրաքանչյուր հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը՝ ամբողջ աշխարհում պատշաճ կացարանի խնդրին անդրադառնալու նպատակով: Ամեն տարի այդ օրը Habitat for Humanity-ի ազգային գրասենյակներն իրենց միասնական ձայնն են բարձրացնում և քայլեր ձեռնարկում փոխելու այն համակարգերը, քաղաքականություններն ու մոտեցումները, որոնք հանգեցնում են անբավարար բնակարանային պայմանների առաջացմանը, ինչպես նաև գործընկերներին ներգրավում են ոլորտի խնդիրները լուծելու գործընթացում:

Այս տարի հոկտեմբերի 14-18-ը Habitat for Humanity Armenia-ն կազմակերպում է այցելություն ԱՄՆ (Կալիֆորնիա և Միչիգան նահանգներ), որտեղ հանդիպումներ կկայանան սփյուռքահայ համայնքի և հայկական եկեղեցիների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվելու է Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի տասներկու տարիների աշխատանքի աննախադեպ արդյունքները Հայաստանում` մատչելի բնակարանային լուծումների միջոցով ապահով և պատշաճ կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու գործում: Այցելությունների նպատակն է նաև հայկական համայնքների հետ հաստատել և զարգացնել արդյունավետ գործընկերային հարաբերություններ՝ Հայաստանում ցածր եկամուտ ունեցող առավել մեծ թվով ընտանիքներին մատչելի և պատշաճ կացարանով ապահովելու համար:

Հայաստանում Հաբիթաթը իրականացնում է տների և բնակարանների վերակառուցման ու վերանորոգման աշխատանքներ, տրամադրում բնակարանաշինության միկրոֆինանսովորման ծառայություններ՝ համագործակցելով ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանքներ տանում երկրում մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Այն իր գործունեությունը Հայաստանում մեկնարկել է 2000 թվականին և արդեն իսկ աջակցել է ավելի քան 1500 ընտանիքի: