Թերթը գրում է. «Երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատաքննության ժամանակ հարցաքննեց վկա Սմբատ Սարգսյանին, որը եղել է Չինարի գյուղի «Լույս» հենակետի սահմանապահ: Նա դատարան էր հրավիրվել ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանի միջնորդությամբ, քանի որ Մանուկյանին մեղադրանք առաջադրելու հիմքը նրա կողմից Նազարյանին ենթադրաբար ապտակելն է, ինչը հիշատակված է նաև այս վկայի նախաքննական ցուցմունքում: Ի տարբերություն նախորդիվ դատակոչված վկաների, Սմբատն ասաց, որ ինքը շատ քիչ բան գիտի: Նրան դեպքից 2 օր անց տարել են Բերդի ՌՈ և 4 օր պահել այնտեղ, որտեղ 3 անգամ հարցաքննվել է: Մեղադրող կողմի միջնորդությամբ երեկ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, ըստ որի՝ 2010թ. հուլիսի 26-ին ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի հետ գնացել են «Ղոզլու» հենակետ, այնտեղ Սարգսյանը տեսել է, թե ինչպես է կապիտան Մանուկյանն ապտակել Նազարյանին: Վկան ասաց, որ ինքը քննիչին նման ցուցմունք չի տվել, որովհետև նման բան չի տեսել: Վկան չընդունեց նաև Մանուկյանի հետ իր առերեսման արձանագրության բովանդակությունը: «Քննիչը գրել է, մեզ ասել՝ ստորագրեք, ես էլ առանց կարդալու ստորագրել եմ»,- ասաց վկան՝ նշելով, որ այդ թեմայով իր հետ իր հետ հարցաքննություն չի եղել: Մեղադրող Հարություն Հարությունյանը, ում Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանը «Մխիթար Գոշ» մեդալ է շնորհել, վկայի վրա մատ թափ տալով սպառնաց, թե սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվություն կկրի: Տուժող և պաշտպանական կողմերը սա անվանեցին ակնհայտ ահաբեկում և դատարանին կոչ արեցին կանխել նման դեպքերը: «Ինչպես պարզեցինք վկայի ցուցմունքից , նրան ծեծել, խոշտանգել և ահաբեկել են, բայց վկան խուսափում է այդ մասին խոսել, ավելորդ քաշքշոցից խուսափելու համար, – ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը:- Բոլորս գիտենք, որ եթե վկան անազատության մեջ է, այլևս վկա չէ: Քննիչն ամեն ինչ արել է, որ իր սուտը դառնա ճշմարտանման»: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանն էլ ասաց՝ կեղծ ցուցմունքների հեղինակը քննչական մարմինն է, «քավորը»՝ զինվորական դատախազությունը: Փաստաբան Հրանտ Գևորգյանն էլ ասաց, որ իր պաշտպանյալ Մանուկյանն ի սկզբանե նշել էր, որ իր և Սարգսյանի միջև առերեսման ժամանակ ապտակի մասին զրույց չի եղել, երկուսն էլ առանց կարդալու ստորագրել են արձանագրության տակ:
Նիստը շարունակվեց դռնփակ ռեժիմով, հետազոտվեց զինվորական փաստաթուղթ՝ գաղտնի կոդով: Հաջորդ նիստն այսօր է՝ ժամը 12-ին»,- եզրափակում է «Հայկական ժամանակ»-ը:





