«Կանաչաստան» ՀԿ-ն կամարանցումների նկարազարդման միջոցով սոցիալական ուղերձ է հղում երևանցիներին: Հոկտեմբերի 10-ին Երևանում հեծանվուղու բացումը զուգակցվեց «Կանաչաստանի» նախաձեռնությամբ և նկարիչ Արարատ Մինասյանի կողմից Երևանում նկարազարդված 4 կամարանցումների բացմամբ: Կամարանցումները նկարազարդվել են «Կանաչաստան» ՀԿ-ի «Կամավոր» ծրագրի շրջանակում վերջին երեք ամիսների ընթացքում: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Արարատը, իր կողմից նկարազարդված կամարանցումներից մեկը գտնվում է Առագաստ սրճարանի այգու հարևանությամբ, մյուսը Յունիբանկի կասկադի մասնաճյուղի կողքին, երրորդը` Պուշկին փողոցում` «Մալխաս» ջազ ակումբին կից, իսկ չորրորդը` Տերյան-Աղայան խաչմերուկի մոտ: «Օգտագործել եմ նաև 3D պատկերներ և հիմնական ուղերձը եղել է բնապահպանական թեմաների արծարծումն արվեստի միջոցով: Պատկերային ինֆորմացիան միշտ ավելի հասանելի է մարդկանց, ուստի հույս ունեմ, որ այս նկարազարդումները մարդկանց մտածելու տեղիք կտան»,- ասաց նա:
Միջոցառման ընթացքում նկարիչը նաև 3D վարպետության դաս կազմակերպեց երիտասարդների համար:
«Էկո-երթ» և «ԿամավՈր» ծրագրերն իրականացվում են Քաունթերփարթ ինթերնեյշնլի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Ծրագրերին իր գործուն ու շարունակական աջակցությունն է ցուցաբերում Երևանի քաղաքապետարանը:





