Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի թաղապետ Գարո Հովսեփյանի հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գարո Հովսեփյանը Երևանում է «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով: Նա տեղեկացրել է, որ տոնը նշում է նաև Մարսելի հայ համայքը` հայ մշակույթի տանը միջոցառումներ կազմակերպելով:
Կարևորելով ոչ միայն քաղաքների, այլև վարչական շրջանների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու երկկողմանի հետաքրքրությունը մի շարք ոլորտներում համատեղ գործակցության վերաբերյալ` Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի և Մարսել քաղաքի 13-րդ և 14-րդ թաղամասերի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր:
Նախատեսվում է խթանել համագործակցությունը հասարակական և տնտեսական ոլորտներում, իրականացնել համայնքների կառավարմանն առնչվող ոլորտների փորձի փոխանակում, զարգացնել գիտական ու մշակութային կապերն ու քայլեր ձեռնարկել զբոսաշրջության զարգացման և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ:





