AM
12 Հոկտեմբեր 2012 - 12:20 AMT

ԿԳՆ-ում որոշում են պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման հանձնաժողովների անդամներին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախարարի հրամանով կազմում է հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների անդամների թեկնածուների համակարգչային անվանացանկ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԿԳՆ-ից:

Թեկնածուներին առաջադրվող պարտադիր պահանջներն են` բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետ, բակալավր, մագիստրոս), անկավարժական աշխատանքի առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ` համապատասխան առարկայի դասավանդման:

Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տարակարգ, կոչումներ, գիտական աստիճան, առավել երկար աշխատանքային փորձ ունեցող հավակնորդներին:

Թեկնածուները պետք է լրացնեն անձնական թերթիկ, որտեղ պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները՝ անունը, ազգանունը (հայրանունը), զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, կրթության, աշխատանքային փորձի մասին և այլ տվյալներ, նաև այն առարկայի (առարկաների) անվանումը, որի դասագրքերի հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության գնահատման հանձնաժողովում կոնկրետ թեկնածուն կարող է ընդգրկվել որպես հանձնաժողովի անդամ: