«Առավոտ»-ը գրում է. «Գյումրու քաղաքապետարանի թերթի աղբյուրների տեղեկացմամբ, քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է ազատվել Վարդան Ղուկասյանի կադրերից մեկից` տրանսպորտի բաժնի պետ Յուրա Ալեքսանյանից, որը ղեկավարում է ԵԿՄ Շիրակի մարզային կառույցը և գեներալ Մանվելի մտերիմներից է: Քաղաքապետարանցիների ասելով Վարդան Ղուկասյանը, ով մշտապես տիրություն է արել ազատամարտիկներին, նրանց ֆինանսապես օգնել, ԵԿՄ-ին տարածք է տրամադրել, նախքան իր հեռանալը տրանսպորտի բաժնի պետ է նշանակել ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանին, որպեսզի գոնե այս ձևով կարողանա օգտակար լինել հաշմանդամ ազատամարտիկներին: Հաշվարկելով, որ կարելի է 30 անաշխատունակ ազատամարտիկների որպես դիսպետչեր տեղավորել աշխատանքի, նա այս պաշտոնը հանձնել է Յուարա Ալեքսանյանին: Սակայն Գյումրու նորանշանակ քաղաքապետը ԵԿՄ-ի ղեկավարին առաջարկել է իր կամքով հեռանալ:
Սա, ըստ թերթի աղբյուրների, հարուցել է գեներալ Մանվելի զայրաթը, քանի որ ԵԿՄ-ն ՏԻՄ ընտրությունների ժամանակ պաշտոնապես սատարել է Սամվել Բալասանյանին: Լուրեր են շրջում, որ գեներալը պատրաստվում է այս թեմայի շարջ բացատրություն պահանջել պարոն Բալասանյանից»:





