AM
18 Հոկտեմբեր 2012 - 05:46 AMT

«Չորրոդ ինքնիշխանություն». Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը վատառողջ է

«Չորրոդ ինքնիշխանություն»-ը գրում է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը առաջիկա օրերին պատրաստվում է մեկնել արտերկիր` հերթական բուժզննությունն անցնելու և սրտի հետ կապված խնդիրները կարգավորելու համար: Թեև մարզպետ Խաչատրյանին անցյալ տարի վիրահատել ու ստենդավորել էին սիրտը, այնուամենայնիվ, Խաչատրյանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ:

Ի դեպ, մեկ այլ խոսակցության համաձայն, հնարավոր է, որ առողջական խնդիրների պատճառով մարզպետ Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին, քանի որ լիովին ապաքինվելու համար նրան երկարատև ժամանակ ու հանգիստ է պետք: Թերթը փորձել է ստանալ Սյունիքի մարզպետի մեկնաբանությունը, որն էլ թերթի հետ զրույցում նախ հաստատել է այն տեղեկությունը, որ ինքը այս պահին էլ ապաքինման փուլում է, երկրորդ՝ նշել է, որ. «Իզուր թող չերազեն, ես չեմ գնում, ես մնում եմ, իմ տեղում աշխատում եմ ու ինձ էլ շատ լավ եմ զգում: Դուք էլ խնդրում եմ ինձ մի մոռացեք, շուտ-շուտ զանգեք, թե չէ ես էլ ձեզ համար եմ սկսում անհանգստանալ: Մնացած ապուշություններին էլ ականջ մի դրեք»: Ճշտմանը, թե երբ է պատրաստվում մարզպետը մեկնել արտերկիր, Խաչատրյանը պատասխանել է. «Հիմա դեռ ստեղ եմ, հլը որ տեղ չեմ գնում, հենց գնալու լինեմ, դուք անպայման կիմանաք»: