AM
18 Հոկտեմբեր 2012 - 06:23 AMT

«Ժամանակ». Ի՞նչ կապ ունի Հովիկ Աբրահամյանը Հանրապետության հրապարակում պայթած փուչիկների հետ

«Ժամանակի» տեղեկություններով, մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի հանրահավաքի ժամանակ պայթած փուչիկների պատվիրատուն եղել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Եվ ՀՀԿ-ում հասկանում են, որ եթե այդ գործի շրջանակներում որևէ մեկի անունը պետք է նշվի, ապա դա Հ. Աբրահամյանն է: Այդ պատճառով էլ փուչիկների գործի դատավարության ժամանակ կազմակերպիչներից կամ պատվիրատուներից որևէ մեկի անունը չի նշվում:

«Հ. Աբրահամյանը այդ ժամանակ ՀՀԿ նախընտրական շտաբի պետն էր, և նախընտրական քարոզչության հետ կապված կազմակերպչական ու ֆինանսական բոլոր հարցերը, այդ թվում և պայթած փուչիկների ծախսը, լուծվում էր նրա թույլտվությամբ: Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 1 տարվա ազատազրկման դատապարտեց այդ փուչիկները լիցքավորած Սերոբ Բոզոյանին: Վերջինիս պաշտպան Կարեն Մանուչարյանը լրագրողներին հայտնել է, որ փուչիկի պատվիրատուն իմացել է, թե ինչ է պատվիրում: Նրա փոխանցմամբ՝ Ս. Բոզոյանը պատվիրատուին նախապես զգուշացրել է, որ փուչիկներն իրարից առանձին, ավելի բարձր և կրակից հեռու պետք է պահել, բայց ամեն ինչ արվել է ճիշտ հակառակը։

Հիշեցնենք, որ փուչիկների պայթյունից այրված երեխաները պատմում էին, թե իրենց նախապես զգուշացվել է, որ փուչիկները պետք է գլխներից բարձր պահել: Այսինքն՝ պատվիրատուները իսկապես իմացել են դրանց վտանգավոր լինելու մասին:

Փուչիկները լիցքավորված են եղել սովորական մեթան գազով, այնինչ նման դեպքերում դրանք պետք է փչված լինեին չեզոք և ոչ մի դեպքում պայթյուն չառաջացնող գազով: Սակայն երկրորդ դեպքում յուրաքանչյուր փուչիկը կարժենար 800-1000 դրամ: Այսինքն՝ 8-10 անգամ ծախսը կավելանար և, 770 հազար դրամի փոխարեն, կկազմեր մոտ 7 մլն դրամ: Մեր տեղեկություններով, երբ փուչիկների հետ կապված այս գները ներկայացրել են Հ. Աբրահամյանին, վերջինս նախընտրել է էժան տարբերակը՝ առանց հաշվի առնելու հնարավոր վտանգը:

Այդ պայթյունին հաջորդող օրերին փորձ արվեց դրա պատասխանատվությունը դնել ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Ավագյանի վրա, քանի որ նա էր այդ երիտասարդներին առաջնորդում դեպի հրապարակ: Բացի այդ, այդ երիտասարդների մեծ մասը ՀՀԿ երիտթևի անդամներն էին: Որոշ տեղեկությունների համաձայն, Կ. Ավագյանը լուրջ դիմադրություն է ցույց տվել և թույլ չի տվել, որ այդ գործը բարդեն իր վրա: Եվ ՀՀԿ-ում որոշել են պարզապես պատասխանատու կամ մեղավոր չներկայացնել և գործը բարդել միայն Ս. Բոզոյանի վրա»,- գրում է թերթը: