«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, որը սեպտեմբերի 29-ին կալանավորվեց բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, պատրաստվում է «մանրամասն ցուցմունք տալ և ամեն ինչ պատմել»:
«Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է Օհանջանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը: Բնականաբար, Օհանջանյանը պատմելու շատ բան ունի, քանի որ հենց ինքն է այն մատակարարը, որից ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալը խոշոր գումար էր պարտք վերցրել, ինչի մասին իր վրդովմունքը հայտնեց Սերժ Սարգսյանը: Երվանդ Վարոսյանը մեր թղթակցին փոխանցել է, որ ներկայում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Օհանջանյանն իրեն մեղավոր չի ճանաչում, այժմ հրաժարվում է որևէ ցուցմունք տալ: Իսկ թե երբ պետք է ամեն ինչ պատմի, Վարոսյանը չի հստակեցրել: Օհանջանյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար (Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետ. մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպառնամ է մինչև 8 տարվա ազատազրկում, նաև գույքի բռնագրավում)»,- գրում է թերթը:





