AM
22 Հոկտեմբեր 2012 - 07:41 AMT

Գյումրու քաղաքապետարանի գողացված մեքենան հայտնաբերվել է. հարուցվել է քրեական գործ

ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Գյումրու քաղաքապետարանի անհետացած մեքենան հայտնաբերվել է և հարուցվել է քրեական գործ: Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 19-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալից գրություն է ստացվել, որ համայնքին պատկանող «ԳԱԶ-13» ավտոմեքենան, որը գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում, նախկին «Բնակտնտեսություն» ընկերության ավտոտնակում, հոկտեմբերի 19-ին, ժամը 09.10-ին, Գյումրիի քաղաքապետարանի կողմից կնքվել և ի պահ է հանձնվել նշված ընկերության պահակին մինչև հետագա տնօրինման հարցի լուծումը, սակայն նույն օրը, ժամը 15.00-ին, պարզվել է, որ առանց համապատասխան թույլտվության պոկվել է ավտոտնակի կաղապարակնիքը, և ավտոմեքենան փախցրել են:

Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ին, հիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել է Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածքից: