Երևանում անցկացվում է «Լռեցնելու (և ձայն տալու) ռազմավարություններ» (ԼՁՏՌ) գիտաժողովը: Այն տեղի է ունենալու հոկտեմբերի 26-27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ինչպես գիտաժողովի մեկնարկից առաջ նշեց «Կույր ժամադրություններ» նախագծի արտաքին տնօրենը և ԼՁՏՌ-ի նախաձեռնող Նիրի Մելքոնյանը, գիտաժողովին հանգեցրին տարբեր երկրների արվեստագետների ու գիտնականների՝ մի քանի տարի տևած գեղարվեստական համագործակցությունը, ոչ պաշտոնական զրույցները և հանրային քննարկումները:
Նիրի Մելքոնյանի խոսքով` ԼՁՏՌ-ն սկզբնավորվել էր «Կույր ժամադրություններ» նախագծի նախաձեռնությամբ, որը նպատակ ունի գտնել հետքերը կամ այն, «ինչ մնացել է» ժողովուրդներից, վայրերից և մշակույթներից, որոնք մի ժամանակ կազմել են Օսմանյան կայսրության բազմազան աշխարհագրությունը: «Սույն ձեռնարկը փորձ է` ուսումնասիրելու խզումների, անջրպետների, ոչնչացումների, ինչպես նաև (վերա)կառուցումների տարբեր տիպի հետևանքները ժամանակակից փորձառությունների ոսպնյակի միջով։ ԼՁՏՌ-ն կենտրոնանում է գեղարվեստական պրակտիկայի, գրականության և էթիկայի օրենքի ոլորտներում առկա փոխհատումների հետազոտության վրա: Համաժողովը կանդրադառնա նաև համեմատություններին և հակասություններին՝ նմանատիպ կամ զուգահեռ խզումների «մնացորդներին» առնչվելիս, ներառյալ խորհրդային վարչակարգին և Սառը պատերազմին վերաբերող իրողությունները»,- նշեց նա:
Միջազգային համբավ վայելող բենգալական հնդիկ հեղինակ Ամիթավ Գոշը կլինի գիտաժողովի հիմնական բանախոսը։
Ականավոր վիպասանը զեկուցելու է 1916-1918 թվականներին Սիրիայի մահվան ճամբարներում հնդիկ և հայ գերիների միջև հարաբերությունների մասին։ Զեկուցումներով հանդես կգան գիտնականներ, արվեստագետներ և մշակութաբաններ Հայաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Շվեյցարիայից, Թուրքիայից և Միացյալ Նահանգներից։ «Նրանց թեմաները ձգվում են ազգային պատմությունների վերանայումից, բռնությունը և տրավման արտահայտելու սահմանափակումներից և հնարավորություններից մինչև քննադատական հեռանկարները` կայսրությունների ժառանգությունը վերապատկերելիս»,– ասաց Նիրի Մելքոնյանը:





