AM
16 Հոկտեմբեր 2026 - 17:31 AMT

ՄԻՊ․ Ժողովրդավարական հասարակության կայացման գործում ազատ մամուլն ունի առանցքային դերակատարություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայ մամուլի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ընդգծելով ազատ մամուլի կարևորությունը ժողովրդավարական հասարակության զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։

«Ժողովրդավարական ցանկացած պետություն պետք է ապահովի հանրության՝ արժանահավատ և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև լրագրողների՝ առանց անհարկի խոչընդոտների և ճնշումների մասնագիտական գործունեություն իրականացնելու երաշխիքները։

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները։ Տեղեկատվության տարածումը պետք է նպաստի հանրային իրազեկվածության բարձրացմանը և տեղեկացված որոշումների կայացմանը՝ բացառելով ատելության խոսքի տարածմանն ու հասարակության տարբեր խմբերի միջև անհանդուրժողականության խորացմանը նպաստող մոտեցումները։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ լրագրողների իրավունքների պաշտպանությանն ու նրանց մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ երաշխիքների ապահովմանն ուղղված ջանքերին նպաստելու հանձնառությունս՝ ՄԻՊ սահմանադրական լիազորությունների շրջանակում։

Առանձնահատուկ կարևորում եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և լրատվամիջոցների միջև արդյունավետ համագործակցությունը։ Մասնագիտական և էթիկական սկզբունքների պահպանմամբ իրանանացվող համագործակցությունը կարող է նպաստել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների հասցեավորմանը, հանրության իրազեկվածության բարձրացմանը և իրավունքների պաշտպանության մշակույթի ամրապնդմանը»,-ասվում է ուղերձում: