AM
26 Հոկտեմբեր 2012 - 11:13 AMT

Նոյեմբերի 2-ին ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ կանցկացվի բողոքի ցույց

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը, ելնելով իր հիմնադրման հռչակագրում ամրագրված դրույթներից, նախատեսում է նոյեմբերի 2-ին բողոքի ցույց անցկացնել ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ, որտեղ այդ պահին ընթանալու է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի առնչությամբ դատական նիստը:

Նրանք կոչ են անում քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին մասնակցել բողոքի ցույցին:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստ Արտակ Կարապետյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Տիգրան Առաքելյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության, Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ: