ՀՀ փոխվարչապետ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2012թ. ինն ամսվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Գնդոյանը մասնավորապես անդրադարձավ ՊՈԱԿ-ի կողմից հարկային պարտավորությունների կատարմանը:
Արձանագրվեց, որ գործընթացում նկատվել են թերություններ, որոնք պետք է վերացվեն: Փոխվարչապետը ՊՈԱԿ-ի ղեկավարին առաջարկեց պատասխանատվության ենթարկել այն աշխատակիցներին, որոնք պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտականությունները:
Անդրադարձ եղավ նաև Սևանա լճի ափամերձ տարածքների հանրային լողափեր այցելությունների արդյունքներին:
Արձանագրվեց, որ թեև տասնմեկ նման լողափ է գործում, սակայն առկա է մեծ պահանջարկ, և քննարկվեց առաջիկա տարիներին դրանց թիվն ավելացնելու հնարավորությունը:
Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը տեղեկություններ ներկայացրեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում անտառհատումների վերաբերյալ: Նշվեց, որ ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղում խնդիրներ են բացահայտվել, որոնց հետ կապված նյութերը կներկայացվեն իրավապահ մարմիններին:
Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների առնչությամբ նշվեց, որ մրցույթը նոր ընկերություն է շահել, որն արդեն ձեռնամուխ է եղել պարտավորությունների կատարմանը:





