AM
3 Մայիս 2005 - 06:13 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵԽԽՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐԸ ԵԱՀԿ ՄԽ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԵԼՆ Է

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը տարակուսանք է հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման կապակցությամբ Հայաստանում առաջացած աժիոտաժի առնչությամբ: Նրա խոսքերով` նման հանձնաժողովի ստեղծումը ենթադրվում էր Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ ավելի վաղ ընդունած բանաձեւի հինգերորդ կետում: Ինչպես նշել է Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տ.Թորոսյանը, Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ հանձնաժողովի մանդատը շատ նեղ է` «նրանց խնդիրն է տեղեկատվություն հավաքել ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների կողմից ձեռնարկվող ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ լուծմանն ուղղված միջոցների մասին»: Ինչպես տեղեկացրել է հայ խորհրդարանականը, հանձնաժողովի մանդատը չի ենթադրում դրա անդամների այցը տարածաշրջան: Այդ մարմնի նիստերը կանցկացվեն զուգահեռ կամ ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում, այսպիսով, առաջինը կարող է տեղի ունենալ արդեն հուլիսին: Հանձնաժողովի առաջին զեկույցը, ինչպես ակնկալվում է, կարող է ներկայացվել 2006 հունվարին: «Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ հանձնաժողովը ստեղծված չէ, որպեսզի փոխարինի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդական ձեւաչափը եւ խանգարի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին»,- հավաստիացրել է Տ.Թորոսյանը: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ հանձնաժողովում բացի շահագրգիռ կողմերից ընդգրկվել են նաեւ վեց երկրների ներկայացուցիչներ` Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Շվեցիայի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ ԵԽԽՎ կոմիտեների նախագահները: Կառույցը կգլխավորի վեհաժողովի նախկին ղեկավար, բրիտանացի խորհրդարանական լորդ Ռասսել Ջոնսոնը: Նոր կառույցի շրջանակներում իր գործունեությունը կշարունակեն նաեւ ԵԽԽՎ Դիտորդական կոմիտեի համազեկուցողներ Անդրեաս Գրոսսը եւ Անդրես Հերկելը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի հեղինակ Դեւիդ Աթկինսոնը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: