Նոյեմբերի 11-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի բակում կրակոցներ են հնչել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Վարդանանց փողոցի թիվ 10 եւ Հանրապետության փողոցի թիվ 56 շենքերի բակում, անհայտ անձինք դեռեւս չպարզված հրազեններից, կրակոցներ են արձակվել Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի ուղղությամբ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրի զննությամբ հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի 2 և 9 մմ տրամաչափի 1 կրակված պարկուճ: Պարզվել է, որ կրակված գնդակներից մեկը դիպել է 1961 թ. ծնված Արմեն Գ.-ի պատուհանին:
Նույն օրը, ժամը 18.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի բակից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վահե Մ.-ին, որը հարցաքննության ժամանակ, խոչընդոտելով բաժնի բնականոն աշխատանքը, հայհոյանքներ է տվել և ձեռքերով կոտրել բաժնի աշխատասենյակի պատուհանների ապակիները, ինչի հետեւանքով վնասել է ձեռքերը:
Վահե Մ.-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:





