Մայիսի 15-ին Վարշավայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները մամուլի համար որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել: Հանդիպման սկիզբն անցել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Միշել Բարնյեի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը շարունակել են հանդիպումը դեմ առ դեմ, բանակցությունները տեւել են մոտ երկու ժամ: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ձեռնպահ է մնացել բանակցությունների վերաբերյալ հայտարարությունից: «Ես չեմ կարող մեկնաբանել այն հարցերը, որոնք գտնվում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցային սեղանին»,- նշել է նա: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի խոսքերով, Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի` Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ «որոշակիորեն ամփոփվել են Պրահայի գործընթացի շրջանակներում կայացած քննարկումների արդյունքները»: Ինչպես նշել է Մամեդյարովը, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պետք է քննարկեին Պրահայի գործընթացի որոշ տարրեր: Միեւնույն ժամանակ, ավելացրել է Մամեդյարովը, նախագահները չեն քննարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որեւէ կոնկրետ ծրագիր: «Ամենամեծ խնդիրները հարուցում են դետալները: Շատ հարցերի շուրջ մեզ հաջողվել է հասնել համաձայնության, սակայն կան նաեւ այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները շատ ուժեղ տարբերվում են», – նշել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Նա հույս է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Վարշավայում «թույլ կտա վերստուգել այն, ինչ կատարվել է մինչ այժմ»:





