AM
20 Նոյեմբեր 2012 - 06:34 AMT

«Ժողովուրդ». ՀՀԿ գրասենյակի կտուրի հրդեհի առնչությամբ քրեական գործ չի հարուցվի

ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մասնաշենքին կից նորակառույցի տանիքում սեպտեմբերի 22-ին բռնկված հրդեհի փորձաքննությունն ավարտված է: Այս մասին «Ժողովուրդ» թերթը տեղեկացել է ԱԻՆ փրկարար ծառայության լրատվական վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանից:

«Հրդեհի առաջացման պատճառ են դարձել կրակի քիչ կալորիականության աղբյուրները, եռակցման աշխատանքի ընթացքում առաջացած գերտաքացված մետաղյա արգասիքները: Հրդեհի հետևանքով գույքին հասցված նյութական վնասի չափը կազմել է 269 618 դրամ, որն արդեն փոխհատուցվել է»,-տեղեկացրել է Ն. Գրիգորյանը` նշելով, որ ՀՀԿ կտուրի հրդեհի առաջացման պատասխանատուն եռակցող Հ. Ավագյանն է, որը խախտել է անվտանգության կանոնները: Ու քանի որ դիտավորություն չկա, որոշվել է մերժել նաև քրեական գործի հարուցումը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին հրդեհ էր բռնկվել ՀՀԿ-ի գրասենյակին կից նորակառույց շենքի տանիքում, իսկ մայիսի 22-ին` գրասենյակի տանիքում: