AM
21 Նոյեմբեր 2012 - 09:45 AMT

Հեռուստատեսությանն անհրաժեշտ է գրաքննություն, կարծում են մասնագետները

Հայկական հեռուստաեթերին գրաքննություն և վերահսկողություն է պետք: Այս տեսակետն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ միաձայն արտահայտեցին ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը, հաղորդավար Կարեն Քոչարյանը և հաղորդավար, դերասան Զառա Արամյանը:

Մովսիսյանի կարծիքով հեռուստաեթերը բարելավելու համար հեռուստաալիքները պետք է վերանայեն իրենց ռազմավարությունը: Ըստ նրա՝ այսօր չկա «ստեղծագործական թիմ» և «խմբագրակազմ» հասկացությունը: Բացի դրանից՝ նա առաջարկում է ստեղծել մի ալիք, որը կներառի տարբեր հեռուստաալիքների լավագույն հաղորդումները:

Կարեն Քոչարյանն էլ իր հերթին նշեց, որ այսօր հեռուստատեսությունում էլիտան որոշվում է գումարով: Նա նաև գտնում է, որ սերիալներ հեռարձակելու փոխարեն պետք է վերականգնվի հեռուստաթատրոնը:

Դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը համոզված է, որ այսօր պետք է մտածել մատաղ սերնդի դաստիարակության մասին: Ըստ նրա՝ երեխաներին, միգուցե, չհետաքրքրի հեռուստաթատրոնը, բայց ենթագիտակցության մեջ կմտնի գեղեցիկ հայերենը:

Բանախոսները նաև կարծում են, որ հայաստանում վերացել է հաղորդավարի մշակույթը, մնացել են պարզապես լրագրողներ, որոնք լուսաբանում են բազմաթիվ թեմաներ: