AM
26 Նոյեմբեր 2012 - 09:49 AMT

Ստյոպա Սաֆարյանը թիվ 1 ընտրատարածքում նախընտրական պայքարի մասին. Սա քաղաքական գործընթաց չէ

Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի բակային քարոզարշավի շրջանակներում վերջին հանդիպումը կլինի այսօր: «Չնայած եղանակային վատ պայմաններին՝ մարդիկ չեն զլանում գալ, նաև բաց են թողնում պատուհանները, որպեսզի լսեն մեր ելույթը տներից: Վախի և զգուշավորության միջավայր կա: Մարդիկ ասում են, որ զորակցում են և ընտրությունների ժամանակ գիտեն իրենց անելիքը, բայց զգուշությամբ են գալիս հանդիպումներին: Համատիրությունների ղեկավարները ստվերի նման կանգնում են մեր կողքին, որ տեսնեն թե ով մոտեցավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստյոպա Սաֆարյանը: Նա նաև հայտնեց, որ Նոր Նորքում այդպիսի երևույթներ չկան: Իսկ ավանցիների համար ստեղծված մթնոլորտը տհաճ է: Ստյոպա Սաֆարյանը նաև նշեց, որ երեկվա դրությամբ էլ մարդիկ պատմել են, որ ինչ-ինչ անձինք շարունակում են տներ գնալ, պահանջում են անձնագրեր: «Մյուս թեկնածուն քարոզարշավ չի անում, բանավեճի առաջարկը չի ընդունում: Այն, ինչ տեղի է ունենում, քաղաքական գործընթաց չէ: Փոխանակ համատեղ ասուլսիսներով և բանավեճերով հանդես գայինք, մենախոսություն է, որ մենք կատարում ենք թաղերում»,-ասաց պատգամավորի թեկնածուն: