AM
26 Նոյեմբեր 2012 - 15:22 AMT

Հայ և չեխ պատգամավորները քննարկցին աղբի վերամշակման և հանքերի շահագործման հետ կապված հարցեր

Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը և պատգամավորները նոյեմբերի 26-ին հանդիպեցին Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի բնության պահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Կատերինա Կոնեչնայի գլխավորած պատվիրակության հետ:

Մարտուն Գրիգորյանը, ողջունելով չեխ գործընկերների այցը Հայաստան, օգտակար համարեց փոխադարձ շփումների ու գործակցության ակտիվացումը՝ նշելով, որ այսօրինակ հանդիպումները լավ հիմք են հետագա հարաբերությունները զարգացնելու համար: Երկու երկրներում հայկական և չեխական դեսպանատների բացումով էլ ավելի է սերտացել թե դիվանագիտական և թե տարբեր ոլորտներում փոխգործակցությունը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Չեխիայի Հանրապետություն ևս, հանձնաժողովի նախագահի բնորոշմամբ, նոր որակ է հաղորդել միջխորհդարանական համագործակցությանը, բացահայտել նոր հնարավորություններ ու ուղղություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բնապահպանությանը վերաբերող և երկուստեք հետաքրքություն ներկայացնող այլ հարցեր ևս՝ աղբի վերամշակում, վերականգնվող էներգիայի հնարավորություն, խոսվեց հանքերի շահագործման և ՀԷԿ-երի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության մասին:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: