Այսօր Մատենադարանում հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն անդրադարձել է տարածաշրջանային կայունությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
«Սրանք խնդիրներ են, որոնք մենք չենք կարող անտեսել, և որոնք պետք է լուծվեն, որպեսզի Հայաստանը և իր հարևան երկրները կարողանան լիարժեք կիրառել իրենց ներուժը: Բացի հակամարտության անձնական դժբախտություններից, սահմանների ֆիզիկապես փակ լինելու փաստը ստեղծում է ակնհայտ և զգալի տնտեսական ռիսկեր` խոչընդոտում է խիստ անհրաժեշտ աճին և եկամտին», – ասաց Ժոզե Մանուել Բարոզուն:
Նրա խոսքով, ԵՄ-ն նույնպես ստեղծվել է պատերազմի մոխիրների վրա և նախկին թշնամիների միավորման միջոցով: Այն, ինչ ձեռք է բերվել այսօր, անհավանական կհամարեին պատերազմի օրերին ապրող եվրոպացիները, իսկ վերջերս էլ ԵՄ-ն Նոբելյան հանձնաժողովի կողմից պարգևատրվեց խաղաղության մրցանակով:
«Չնայած բարդ է, բայց հավատացած եմ, որ հնարավոր է խաղաղություն հաստատել: Ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ:
Քաղաքական գործիչների դերն է անհրաժեշտը իրականություն դարձնելը», – ասաց Ժոզե Մանուել Բարոզուն:





