Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստներ կրած ամերիկահայ գործարար, ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանի գործը առաջիկա մեկ ամսվա ընթացքում կլինի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում: Իսկ գործարարի փաստաբանները չեն կասկածում, որ ներպետական դատարաններում կայացված այս քանակի ապօրինի որոշումների առկայության պարագայում Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվող բողոքը անմիջապես վարույթ կընդունվի:
Իսկ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը, որտեղ սփյուռքահայ գործարարը ներկայացնում է իր կրած վնասների փոխհատուցման պահանջով հայցը, Համաշխարհային բանկի համակարգում գործող հաստատություն է, որը կոչված է կարգավորելու միջազգային ներդրումների հետ կապված վեճերը։
Ինչպես փոխանցում է սփյուռքահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, Էդմոնդ Խուդյանի գործով միջազգային ատյան դիմելու համար նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտին են հասնում: Թեև արդեն ԱՄՆ են ուղարկվում մինչև օրս կայացված դատական ակտերի թարգամանությունները, որոնք արդեն իսկ բավարար հիմք են այդ ատյան բողոք ներկայացնելու համար, սակայն մեր դատարանները, ըստ փաստաբանի, իրենց ապօրինի որոշումներով մինչ օրս շարունակում են ավելի խոշոր հիմքեր տրամադրել միջազգային ատյան դիմելու համար: «Վերաքննիչ դատարանի որոշումներում այնպիսի աղաղակող խախտումներ կան, որոնք մեղմ ասած կարելի է «գոհարներ» համարել, քանի որ դրանցից յուրաքանչյուրը ինքնուրույն հիմք է, որպեսզի միջազգային ատյանում վարույթ ընդունեն դիմումը»,- ասում է փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:
Այս պահին, փաստաբանի համոզմամբ, սփյուռքահայ գործարարի գործում կան բավական խոշոր փաստեր միջազգային դատարան դիմելու համար: Դատարանում պետք է հիմնավորել, որ տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերով: Այս փաստերը, ըստ փաստաբանի, դատական ատյաննները ուղղակի մատուցում են: Իսկ արդեն գործի վարույթ ընդունվելուց հետո հաշվվելու են Խուդյանի կրած վնասները:
«Եթե Հայաստանում այս կոռուպցիոն խնդիրները չլինեն և գործի նորմալ քննություն իրականացվի, անձամբ Էդմոնդ Խուդյանին պետք է փոխհատուցվի 1 մլն 700 հազար դոլար, սակայն եթե հարցը լուծում ստանա միջազգային դատարանում, այնտեղ գումարը կկազմի նշվածից նվազագույնը 10 անգամ ավելի»,- ասում է փաստաբանը, սա հիմնավորելով նրանով, որ Խուդյանը Հայաստանում հիմա միայն իր ներդրած գումարներն է պահանջում փոխհատուցել, իսկ եթե այնտեղ հաշվարկը կատարվի, ամբողջությամբ հաշվվելու են ինչպես բաց թողնված օգուտները և շահույթը, այնպես էլ սփյուռքահայ գործարարի կրած բարոյական վնասը, որն այնտեղ շատ բարձր է գնահատվում:
Գործարարը Հայաստանում պահանջում է նաև վերականգնել հանրապետության պետբյուջեին պատճառված մոտ 1 մլն 200 հազար դոլարի հասնող վնասը: Խնդիրը, ըստ գործարարի փաստաբանների, նրանում է, որ եթե Հայաստանում խնդիրը լուծվի, պաշտոնատար անձինք պետք է այդ գումարներն իրենց գրպանից տան, իսկ եթե միջազգային ատյանով հարցը լուծում ստանա, այդ գումարները պետք է վճարվեն պետական բյուջեից, որը գոյանում է արդեն մեր հարկատուների միջոցներով:





