AM
7 Դեկտեմբեր 2012 - 11:46 AMT

Ալեքսանդր Իսկանդարյան. Կան առաջնորդներ, ովքեր հազիվ թե համախմբվեն Գագիկ Ծառուկյանի շուրջ

Բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբում մի ուժի շուրջ չի լինի, քանի որ կան լիդերներ, ովքեր հազիվ թե համախմբվեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, Գագիկ Ծառուկյանին ՀԱԿ-ը կսատարի: «Առանձին ՀԱԿ-ի համար դժվար կլինի, իսկ եթե Ծառուկյանը չառաջադրվի, ապա ՀԱԿ-ը ստիպված կլինի առաջադրել Լևոն Տեր- Պետրոսյանին»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նաև նկատեց, որ ՀԱԿ-ը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում հավաքել էր ձայների 7 տոկոսը և այս ընտրություններում անգամ 20 տոկոս հավաքելը դժվար կլինի: ՀՅԴ-ի դիրքորոշումը Ալեքսանդ Իսկանդարյանի համար հասկանալի չէ: «Չի բացառվում, որ այս ուժը չառաջադրի թեկնածու նախագահական ընտրություններում»,- ասաց նա:

Անդրադառնալով այն տեսակետին, թե Ռուսաստանն ու Արևմուտքը կարող են սատարել նախագահի թեկնածուներից որևէ մեկին և դա վճռորոշ կլինի, Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ դրան լուրջ չի վերաբերվում: Նա չի կարծում, թե արտաքին ուժերի ուշադրությունը Հայաստանի ընտրությունների հանդեպ այդքան մեծ է: «Ծառուկյանը պայքարում է իր շահերի համար, ոչ թե Ռուսաստանի: Իր շահերի համար է պայքարում նաև Սերժ Սարգսյանը: Մեծ տերությունները կօգնեն այն թեկնածուին, ով կկարողանա ինքն իրեն օգնել: Նրանք կհամագործակցեն այն մարդու հետ, ով կդառնա երկրի նախագահը»,- ասաց քաղաքագետը: