AM
7 Դեկտեմբեր 2012 - 12:25 AMT

Վարդան Օսկանյանի տպավորությունները ԲՀԿ-ի բրյուսելյան այցից

ԲՀԿ պատգամավոր, ՀՀ Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ի ՝ Բրյուսել կատարած այցի մասին.«Այսօր առավոտյան Բրյուսելից վերադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը, որի կազմում էի նաև ես: Եթե փորձեմ միայն մեկ բառով բնութագրել այցը, կասեի, որ դա անհրաժեշտ այցելություն էր:

Նախ, անհրաժեշտ էր, որ ԲՀԿ-ն՝ որպես Հայաստանում ազդեցիկ քաղաքական ուժ, ներկայացներ իր տեսակետները երկրի ներկայի և ապագայի վերաբերյալ:

Երկրորդ, կարևոր էր, որ Եվրոպական Միությունը՝ որպես Հայաստանի կարևոր ագույն գործընկերներից մեկը, ԵՄ-Հայաստան ծրագրերի իրականացման հարցում ԲՀԿ-ին ընդուներ և ընկալեր որպես հուսալի գործընկեր:

Երրորդ, անհրաժեշտ էր փարատել այն թյուրըմբռնումը, թե ԲՀԿ-ն միակողմանի ուղղվածություն ունեցող քաղաքական ուժ է և այնքան էլ չի դավանում եվրոպական արժեքները:

Ասեմ, որ այցելությունն արդյունավետ էր և ծառայեց իր նպատակներին: Եվրոպական կողմին հիմնականում հետաքրքրում էր, թե էությամբ ինչպիսի կուսակցություն է «Բարգավաճ Հայաստանը» և ինչ ծրագրեր ունի երկրի ապագայի վերաբերյալ: Բացի այդ, եվրոպացի պաշտոնյաներին հետաքրքրում էր, թե ԲՀԿ-ն ինչ պատասխանատվություն կարող է վերցնել իր վրա ոչ միայն օգնելու ավարտին հասցնելու Հայաստան-ԵՄ ասոցացման և Ազատ առևտրի մասին համաձայնագրերի բանակցությունների փուլը, այլև անցնելու դրանց գործնական կիրառմանը:

«Բարգավաճ Հայաստանին» հիմնականում հետաքրքրում էր, թե որն է Եվրոպական Միության անկեղծ և օբյեկտիվ գնահատականը Հայաստանում ընթացող գործընթացների, բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ-ի հետ ծրագրերի հարցում: ԲՀԿ-ին նաև հետաքրքրում էր, թե ինչ կարելի է անել, որ այդ համագործակցությունը միայն թղթի վրա չլինի, այլ որ պահպանվեն ձեռք բերվող պայմանավորվածությունների տառն ու ոգին:

Կարծում եմ՝ երկուստեք ստացանք մեր հարցերի պատասխանները»