Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է ՉԺՀ գերագույն ժողովրդական դատախազության պատվիրակությանը` միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ տիկին Լի Սինի գլխավորությամբ: Քննարկվել են միջազգային իրավական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է դատախազությունից:
Պատվիրակությունը Երևան է ժամանել` մասնակցելու հանցավոր նպատակներով ինտերնետն օգտագործելու դեմ հիմնախնդիրներին վերաբերող քննարկումներին: Չինացի գործընկերների հետ ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպած կլոր սեղանը տեղի է ունեցել «Դատախազության դպրոց»-ում, որին մասնակցել են ոչ միայն դատախազության, այլև` ոստիկանության ներկայացուցիչները: Քննարկվել են նաև կիբերհանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործողությունների համակարգման հարցում դատախազության դերին վերաբերող հարցեր, ինչպես նաև` կոնկրետ քրեական գործերով:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը 2012թ. հունիսի 11-ին՝ Երեւանում, ստորագրել էին «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր, որով նախատեսված է համատեղ կազմակերպել քննարկումներ` տարբեր հանցատեսակների դեմ պայքարի առանձնահատկությունների վերաբերյալ:





