AM
11 Դեկտեմբեր 2012 - 08:20 AMT

Խանջյանի կանգառասրահը փորձանմուշ է, Երևանն էլ՝ փորձադաշտ

Խանջյան փողոցում՝ Սայաթ-Նովա պողոտայի հետ խաչմերուկի հարևանությամբ, վերջերս նոր կանգառասրահ տեղադրվեց: Ենթադրելով, որ մայրաքաղաքում ցանկացած նորամուծություն պետք է նախօրոք հայտարարված տենդերով արված լինի, հարցում էի ուղարկել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն` պարզելու, թե երբ է հայտարարվել նոր կանգառասրահի դիզայնի տենդերը, ով է հաղթել, քանի նստարան է նախատեսվում տեղադրել, ինչ ժամկետում և վերջապես՝ որքան գումար է նախատեսված դրա համար: Պատասխանը հետևյալն էր. «Երևանի քաղաքապետարանում այսօր մշակման փուլում է մայրաքաղաքի արտաքին ձևավորման ընդհանուր հայեցակարգը, որի բաղադրիչներից է կանգառասրահի տեսքի խնդիրը: Նշված կանգառասրահը այդ համատեքստում արված առաջարկություններից մեկն է»:

Այստեղ կուզենայի ընթերցողի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 15-ին հայտարարել էր Երևանի արտաքին ձևավորման հայեցակարգի մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն միայն փետրվարի 1-ից հետո: Դրանից ելնելով՝ խնդրել էի նաև հստակեցնել, թե նման պարագայում՝ նախքան մրցույթի ավարտը, ինչ նպատակով և ինչ սկզբունքով է առաջարկված կանգառասրահը տեղադրվել: Քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունն ի պատասխան նշել էր. «Իսկապես, Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մայրաքաղաքի արտաքին ձևավորման մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն փետրվարի 1-ից հետո: Այդ ժամանակ էլ կհայտարարվի արտաքին ձևավորման ինչպես այլ բաղադրիչների, այնպես էլ կանգառասրահների ձևավորման և տեղադրման աշխատանքների համար մրցույթ: Նույն այդ ժամանակ պարզ կլինի ինչպես հաղթող կազմակերպությունը, այնպես էլ նոր կանգառասրահների քանակն ու դրանց արժեքը»:

Եվ այսպես, ստացվում է, որ քաղաքապետարանը մի կողմից հայտարարում է մրցույթ, իսկ մյուս կողմից մշակում մի տարբերակ, որը նախքան մրցույթի ավարտն է իրականացնում՝ որպես փորձանմուշ:

Իսկ եթե էլի տարբերակներ մշակվեն, էլի՞ որպես փորձանմուշ կտեղադրվեն: Այդ հարցադրմանը վարչությունից դրական պատասխան տվեցին՝ չբացառելով հետագայում այլ տարբերակների իրականացումը՝ դրանց նպատակահարմարությունն ու «բնակչության արձագանքը ստուգելու համար»:

Այնպիսի տպավորություն է, որ Երևանը փորձադաշտ է, որտեղ ամեն քայլափոխի «ստուգում են բնակչության արձագանքը»: Իսկ թե ինչ գումարներով են իրականացվում այդ փորձարկումները, մնում է միայն գուշակել…