AM
13 Դեկտեմբեր 2012 - 05:57 AMT

«Հրապարակ». ՀՀԿ համագումարին Ծառուկյանին չեն հրավիրել

«Հրապարակ»-ը գրում է, որ դեկտեմբերի 15-ին տեղի ունենալիք ՀՀԿ համագումարը կտևի մոտ 2 ժամ: «ՀՀԿ 19 հոգանոց ծերակույտը, որպես մշտական գործող ղեկավար մարմին, կրկին կշարվի բեմի վրա՝ դեմքին տալով պոլիտբյուրոյի արտահայտություն, և կհրապարակի համագումարի օրակարգի մինուճար հարցը՝ առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածուի առաջադրում: Նիստը կբացի Սերժ Սարգսյանը, կվարի Հովիկ Աբրահամյանը: Նախագահը հանդես կգա ծրագրային ելույթով, տարածքային կառույցների ներկայացուցիչները՝ ամփոփիչ ելույթներով. կուսակցությունն ունի 1,942 տարածքային կառույցներ՝ տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը. «Համագումարին հրավիրված են 1,800 պատվիրակներ և հյուրեր՝ 60 կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»: Խորհրդարանական կուսակցություններից հրավիրվել են ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: Արտախորհրդարանական ուժերից՝ ԺԱԿ-ը, ԱՄ-ն, «Հզոր հայրենիքը», ՔԴՄ-ն, ՍԻՄ-ը: ԲՀԿ-ն չի հրավիրվել: Երեկվա դրությամբ: Բոլորին արդեն հրավիրատոմսեր ուղարկել են:

Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը պետք է մեկներ Բրյուսել՝ մասնակցելու այսօր տեղի ունենալիք ԵԺԿ գագաթնաժողովին, սակայն համագումարի նախապատրաստական աշխատանքները թույլ չեն տվել: «ՀՀԿ համագումարին հրավիրվել են Միացյալ Ռուսաստանի և Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանները»,- տեղեկացրեց ՀՀԿ ԳՄ արտաքին կապերի պատասխանատու Արմեն Աշոտյանը: Կմասնակցի 100 լրագրող, որոնց համար ֆուրշեթ են կազմակերպել, ինչը չեն արել համագումարի մասնակիցների համար»,- գրում է թերթը: