«Հրապարակ»-ը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ վերջապես կայացրեց իր «հաջորդ դասը» և հայտարարեց, որ «գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու և չի էլ սատարելու թեկնածուներից որևէ մեկին»: Ուշագրավ է, որ ԲՀԿ հայտարարությունում որևէ մեկնաբանություն չկա, թե ինչու, ինչպես կայացավ այդ որոշումը այն բանից հետո, երբ Ծառուկյանի գործողությունները մինչ այդ հակառակին էին տանում: Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական կոալիցիայից հրաժարված և այլընտրանքի անհասկանալի կարգավիճակ ընդունած ԲՀԿ ղեկավարն էլ առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով մասնակցության ձևաչափի մասին շարունակ պատասխանում էր. «Այդ մասին՝ հաջորդ դասին»:
Երկու տողանոց հայտարարությունը տարածելուց հետո գրեթե բոլոր ԲՀԿ-ականները կամ անհասանելի էին դարձել, կամ չէին պատասխանում զանգերին:
Վայոց Ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին ընդհատակ անցնելու հրահանգ դեռ չէին հասցրել տալ»:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից. – Պարոն Բագրատյան, ո՞րն է պատճառը, որ ԲՀԿ-ն չի ցանկանում թեկնածու առաջադրել:
– Կուսակցությունն այդ մասին կտեղեկացնի:
– Ի վերջո շաբաթներ առաջ մարզեր էիք այցելում, ապա այդ այցերն ամփոփելով ասացիք, որ ակտիվ հանրույթի 99.09 տոկոսը ցանկանում է, որ Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը, ստացվում է՝ հիասթափեցրիք ժողովրդին:
– Ո՞ր ժողովրդին ենք հիասթափեցնում, այդ ժողովրդի կարծիքն ո՞վ էր մոնիտորինգ արել որ: Հնարավոր է, որ ժողովուրդը որոշակի տոկոսով ցանկանար, որ Ծառուկյանը թեկնածություն դնի, բայց մյուս կողմից մենք բոլորս էլ գիտենք, և դուք էլ մեզանից լավ գիտեք, որ բավականին բարդ իրավիճակ է ստեղծվելու թեկնածություն դնելու դեպքում: Ներքին անվտանգության խնդիր կա, ցնցումներ կարող են լինել, ծանր վիճակում կարող է երկիրը հայտնվել, այս պահին մենք ԼՂՀ հիմնախնդիր ունենք, խաղաղ կարգավորման խնդիր ունենք և չպետք է, ի վերջո, մտածենք միայն մեր կուսակցության, մեր շահի մասին, պետք է երկրի մասին էլ մտածել:
– ԲՀԿ-ում օրե՞րս են իմացել այդ խնդիրների մասին, կամ ի՞նչ ներքին անվտանգության մասին է խոսքը: Իսկ դուք երկրի մասին, օրինակ, չէի՞ք մտածում, որ ընդամենը օրեր առաջ, ինչպես ձեր կուսակից Օսկանյանը կասեր, Հայաստանի «կեղտոտ սպիտակեղենն» էիք ցուցադրում Եվրոպացիների առջև և կոռուպցիայի մասին էիք հայտարարում:
– Դա աղավաղված տեքստ էր, այո, խոսք գնացել է կոռուպցիայի մասին, և դուք էլ գիտեք, որ Հայաստանը 105-րդ տեղն է կոռուպցիայի գծով, և դրա մասին խոսելը, չեմ կարծում՝ Ձեր ասածն է:
– Պարոն Բագրատյան, կա տեսակետ, որ Սերժ Սարգսյանի ճնշման ներքո է Ծառուկյանը հետ կանգնել առաջադրումից, ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Ոչ, դա հնարավոր չէ, նման բան չէր կարող լինել: Այո, թեկնածուի դերում տեսնում էինք Ծառուկյանին, հիմա էլ ենք տեսնում, բայց դա չի նշանակում, որ պետք է առանց հաշվենկատության, առանց խորը վերլուծության դնել թեկնածությունը: Թեկնածու լինելը մի բան է, բայց իրավիճակը, երկրում լարվածության ավելացման, ԼՂ հիմնախնդիրը՝ այս բոլորը պետք է հաշվի առնենք:
Ոչ թե որ ժողովրդի 500 հազարը ցանկանար տեսնել Ծառուկյանին նախագահի թեկնածու, բայց միայն այդ 500 հազարը չեն, չէ՞, ընդհանուր երկրի վիճակը նույնպես կարևոր է, չէ՞, մեր համար:
– Դուք նմանություն չե՞ք տեսնում Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի միջև, մեկը ընտրություններից հետո միացավ նախագահին, մյուսը՝ ընտրություններից ամիսներ առաջ, ընդդիմադիր դաշտն ամայացնելուց հետո:
– Արթուր Բաղդասարյանն առաջադրվել էր և վարկանիշի մեծ կորուստ ունեցավ, մենք գուցե այդ դասը քաղեցինք, որ առաջադրվելով չի վարկանիշ պահելը, այլ աշխատանքով, միգուցե անելիքներ մենք դեռ շատ ունենք, որ կարողանանք մրցակցության մեջ նաև շահեկան դիրքում հայտնվել, բացի այդ, եթե մենք տեսնում ենք երկրի խորը ճգնաժամը, մեր քայլերով պետք է դա լուծենք, որովհետև դա և ձեզ է պետք, և մեզ, նոր մի ցնցումը ետճգնաժամային շրջանում շատ վտանգավոր է:





