«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այլընտրանքային քաղաքական ուժ էր, և չօգտվեց այդ առավելությունից: Այդ մասին այսօր ասուլիսում, մեկնաբանելով երեկ տարածված հայտարարությանն այն մասին, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու նախագահական ընտրություններում, ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը: «Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելը վճռորոշ եղավ որոշ քաղաքական ուժերի, ինչպես նաև այն քաղաքացիների համար, ովքեր իրենց հույսերը կապում էին «Բարգավաճ Հայաստանի» հետ: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա վերջինս երեկ գումարած նիստում արդեն նշել է, որ ուսումնասիրում է ստեղծված իրավիճակն ու մշակում հետագա քայլերը»,- նշեց նա` հավելելով, որ Հանրապետական կուսակցությունը բոլոր առաջադրված թեկնածուներին լուրջ է վերաբերվում:
Անդրադառնալով առաջիկա ընտրություններին և դրանց հաջորդող շրջանին` նա ընդգծեց, որ ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը սպասվող փոփոխությունների մասին ավելի առարկայական կդառնան:
«Երկրում նոր քաղաքական իրադրություն է ստեղծվելու, և կլինեն մի շարք իրավիճակներ, որտեղ իրենց մասնակցությունը կկարողանան ունենալ բոլոր քաղաքական ուժերը»,- ասաց պատգամավորը:





