Այսօր Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարել են «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների արդյունքների մասին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Orange-ի լրատվական ծառայությունից:
Նախագիծը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին աջակցություն ցուցաբերել այն հայ մանուկներին, ում ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով իրենց երեխաներին հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը: Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Orange-ի բաժանորդները նվիրաբերել են` համապատասխանաբար 175 300 ՀՀ դրամ և 298 900 ՀՀ դրամ: Ինչպես և նախորդ ամսիներին, Orange Հիմնադրամն այս գումարը կրկնապատկում է` Վորլդ Վիժն Հայաստանին փոխանցելով հոկտեմբեր ամսվա համար 350 600 ՀՀ դրամ և նոյեմբեր ամսվա համար 597,800 ՀՀ դրամ: Հոկտեմբեր ամսվա հանգանակված գումարը Վորլդ Վիժն Հայաստանը կօգտագործի Երևանում բնակվող մի ընտանիքի օգնելու համար: Ընտանիքը բաղկացած է երիտասարդ մորից և չորս երեխաներից: Մայրը` Անահիտը, բարդ սոցիալական պայմաններից դրդված՝ 15 և 13-ամյա որդիներին ստիպված է եղել հանձնել խնամքի հաստատության հոգածությանը: Հանգանակված գումարով հնարավոր կլինի ձեռք բերել տնային պայմաններում արագ սննդի պատրաստման համար անհրաժեշտ խոհարարական գործիքներ, ինչը թույլ կտա Անահիտին գումար վաստակել և երեխաներին ինքնուրույն մեծացնել տանը: Նոյեմբեր ամսին հանգանակված գումարով Վորլդ Վիժն Հայաստանը կօգնի ևս մեկ ընտանիքի, որ բանակվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Ընտանիքի հայրը՝ Սասունն առողջական լուրջ խնդիրներ ունի. տառապում է տուբերկուլյոզով, իսկ մայրը՝ Աիդան, ով ընտանիքի հիմնական հոգացողն է, մշտական աշխատանք չունի և պարբերաբար գումար է վաստակում մասնավոր բնակարաններում մաքրություն անելով: Սասունն ու Աիդաննույնպես, բարդ սոցիալական պայմաններից դրդված` 15-ամյա որդուն ստիպված են եղել հանձնել խնամքի հաստատության հոգածությանը: Orange Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ բարեգործական ծրագրի շրջանակներում նոյեմբեր ամսին հանգանակված գումարով ընտանիքը կկարողանա ձեռք բերել ոչխարներ, ինչպես նաեւ՝ կեր սկզբնական շրջանի համար, ինչը հնարավորություն կտա նրանց հոգալու իրենց առօրյա ապրուստը և որդուն վերադարձնել ընտանիք:
«Նախագծի մեկնարկից ի վեր ավելի քան 5900 բաժանորդ է նվիրատվություն կատարել, իսկ շատերը մի քանի անգամ են գումար նվիրաբերել: Շնորհակալություն ենք հայտնում այս նախաձեռնությանը մասնակցած մեր բոլոր բաժանորդներին: Orange Հիմնադրամը կրկնապատկել է նրանցից յուրաքանչյուրի ներդրումը: Կոչ ենք անում մեր բաժանորդներին կրկին նվիրաբերել 100 կամ 500 դրամ, քանի որ դեկտեմբեր ամսվա հանգանակության արդյունքում կրկին մեկ հայ երեխա կվերադառնա ընտանիք»,- ասել է Հայաստանում Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Կարիքի մեջ գտնվող ընտանիքներին Orange-ի բաժանորդները կարող են օգնել` ուղարկելով SMS 1234 կարճ համարին և հանգանակելով 100, իսկ 5678 համարին` 500 դրամ:





